Այս ամենը, ինչ տեղի է ունենում, անվանում եմ էլիտաների հեղաշրջման փորձ. Ալեն Սիմոնյան
Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներին։
Ալեն Սիմոնյանը նկատեց՝ տեղի ունեցող պրոցեսները միտումնավոր շրջանցում են ՀՀ-ի ժողովրդին, որն իշխանություն ձևավորողն է․ «Մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է ՀՀ վարչապետ որոշեն և այդ մարդուն նշանակեն ՀՀ ղեկավար մեկ տարով, և չեն խոսում օրինակ ընտրությունների մասին։ Այսինքն վերցնում են ՀՀ քաղաքացիներից ընտրելու իրավունքը։ Դա զարմանալի չէ՝ հաշվի առնելով, թե ում կողմից է կազմակերպված այս էլիտաների հեղաշրջման փորձը, որովհետև բնական է՝ հեղափոխությունից հետո շատ ու շատ տարբեր էլիտաներ կորցրել են իրենց հնարավորությունները, իրենց գումար աշխատելու, ինչ-որ կոչումներ ստանալու հնարավորությունը և այսօր տեսնելով, որ իրավիճակը բարդ է, տարբեր քաղաքական ուժերի կողմից այդ էլիտաները բրդվում են առաջ, որ ՀՀ-ում իշխանափոխություն լինի։ Զավեշտը կրկին կայանում է նրանում, որ չեն ուզում ընտրություններ»,-ասաց Ալեն Սիմոնյանը։