Երկիր մոլորակի վրա իմ ընտանիքի միակ անշարժ գույքը Շենգավիթ վարչական շրջանի բնակարանն է․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովրդին։
Նա անդրադարձել է տարածվող ստահոդ տեղեկություններին՝ մասնավորապես իր ընտանիքի անդամների մասին․
«Այս համատեքստում պետք է ընդգծեմ, որ արդեն մեկ ամիս կամ գուցե ավելի շատ, ստահոդ տեղեկությունների շրջանակում, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում իմ ընտանիքի անդամների մասին, երեխաներիս մասին՝ իբր երեխաներս կամ ընտանիքիս անդամները Հայաստանը լքել են: Վերջին ամիսներին, առավելեւս պատերազմի մեկնարկից մինչեւ օրս իմ ընտանիքի որեւէ անդամ Հայաստանից դուրս չի եկել եւ չի պատրաստվում դուրս գալ: Արդեն ամենօրյա լրահոսի մաս է դարձել արտերկրում մեր ընտանիքի ունեցած առանձնատների մասին խոսակցությունը, եւ սա ոմանք դարձրել են իրենց պայքարի հիմնական գործիք: Մինչդեռ պիտի իմանաք, որ միակ անշարժ գույքը, որին երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բոլորիդ հայտնի բնակարանն է: Լուրեր են դրվում շրջանառության մեջ մեր ընտանիքի իբր հարստությունների մասին, մինչդեռ բոլորդ պիտի իմանաք, որ բացի հրապարակված միջոցներից, մենք այլ միջոցների չենք տիրապետում»: