Կայացել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հանդիպումը:
Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակներում հանրային առողջության պահպանման ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվել: Նախարարը նաև իր երախտագիտությունն է հայտնել COVID-19 հիվանդության լաբորատոր աշխտորոշման նպատակով Հայաստանին թեստ-համակարգեր և ռեագենտներ տրամադրելու համար, հատկապես այն ժամանակ, երբ նոր էր հիվանդությունը շրջանառվում` նշելով, որ հենց ռուսական թեստերի շնորհիվ մեր երկրում հնարավոր եղավ հայտնաբերել COVID-19-ի առաջին դեպքերը: Արսեն Թորոսյանը նաև բարձր է գնահատել ռուսական կողմի աջակցությունը համավարակի վերաբերյալ առցանց վիդեոկոնֆերանսներ անցկացնելու պատրաստակամության և անձամբ Աննա Պոպովայի մասնակցության առումով: