Հայաստանի ազգային ագրարային համալսարանը վերակառուցված նոր ջերմատուն ունի:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր տեղի է ունեցել նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ուսումնացուցադրական վերակառուցված ջերմատան բացման արարողությունը:
«Վերջին շրջանում պետությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսական ոլորտի մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, և սա կարևոր քայլ էր Ագրարային համալսարանի կողմից, որպեսզի կրթությունը մեկ քայլ առաջ լինի, քանի որ գիտելիքով զինված մարդիկ են, որ վաղը պետք է առաջադեմ տեխնոլոգիաներով ագրոադրյունաբերությունը կայացնեն: Սա նաև լավ մոտիվացիա է սովորողների ու դիմորդների համար, որոնք համապատասխան մասնագիտական կողմնորոշման դեպքում կնախընտրեն ագրարային որակավորումները»,- ասել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Ծրագրին օժանդակել է նաև «ԱԿԲԱ ֆեդերացիա» ՓԲԸ-ն, որի ֆինանսական աջակցությամբ ձեռք է բերվել բարձր տեխնոլոգիական մեքենայացված Ֆարմ-Բոտ ռոբոտը, որն ինքնուրույն մշակում է ջերմոցում աճեցվող բույսերը։