
Մարտունու բժշկական կենտրոնի կորոնավիրուսով հիվանդների բուժման նորաստեղծ բաժանմունքը շուտով կընդունի առաջին պացիենտներին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 2-ին Մարտունու բժշկական կենտրոնում ծանոթացավ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունքի հիմնման աշխատանքներին: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:Նախարարը եւ մարզպետը շրջեցին բաժանմունքի տարածքում, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ ընթանում են շինարարական եւ կահավորման ակտիվ աշխատանքներ, զրուցեցին բժշկական կենտրոնի տնօրինության եւ շինարարների հետ, քննարկեցին ի հայտ եկած խնդիրների կարգավորման տարբերակները: Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի տեղեկացմամբ, շինարարական եւ տեխնիկայան վերազինման ու կահավորման աշխատանքները մոտենում են ավարտին, եւ առաջիկա օրերի ընթացքում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված 50 մահճակալանոց բաժանմունքը, որն ունի առանձնացված մուտք, կընդունի առաջին պացիենտներին: Ապա Արսեն Թորոսյանը եւ Գնել Սանոսյանը դիտարկեցին ժամանակակից դիահերձարանի շենքի կառուցման համար նախատեսված տարածքը: Այցի ավարտին նախարարը եւ մարզպետը կիսվեցին իրենց տպավորություններով: «Արդեն գրեթե պատրաստ է 50 մահճակալանոց բաժանմունքը, որը կընդունի կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտներին: Այն հագեցած կլինի գերժամանակակից տեխնիկական միջոցներով և անհրաժեշտ պայմաններով: Բաժանմունքի ստեղծման հարցը ժամանակին առաջ քաշվեց Գեղարքունիքի մարզպետի կողմից եւ հիմնովին կծառայի իր նպատակներին: Այստեղ բուժում կստանան ոչ միայն Գեղարքունիքի մարզի, այլ նաեւ նրան հարակից մարզերի պացիենտները: Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչով դիմել մեր հայրենակիցներին, որ չշարունակեն թերահավատորեն մոտենալ համավարակի տարածմանն ու առաջացրած վտանգին եւ իրենց կյանքի ու առողջության պահպանման համար ուշադիր հետեւեն կառավարության ցուցումներին, պահպանեն պատշաճ զգուշավորություն: Ինչ վերաբերում է Մարտունու ԲԿ տարածքում ժամանակակից դիահերձարանի շենք ունենալուն, որը կծառայի նաեւ մարզի այլ տարածաշրջանների կարիքներին, ապա այն կկառուցվի պետական միջոցների հաշվին: Այս պահին շինարարություն սկսելու կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել, քանի դեռ ֆինանսական միջոցներ հատկացված չեն: Սակայն այդ ծրագիրն անպայմանորեն կյանքի է կոչվելու», -հավաստիացրեց Արսեն Թորոսյանը:
03.07.2020