Պնդումները, որ կառավարությունը Ամուլսարի հարցում հաշվի չի առնում բնապահպանների կարծիքները, իրականությանը չեն համապատասխանում. Էդուարդ Աղաջանյան
«Ազատությունը» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակներում զրուցել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ:
Ստորև՝ հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Օգտատերերից Լևոն Գալստյանը հարցնում է. «Ուզում եմ հասկանալ Ամուլսարի հետ կապված քննարկումներ անող, որոշումներ կայացնողներն այս յոթ րոպեն նայե՞լ են: Եթե նայել են, ապա ի՞նչ են քննարկում, էլ ի՞նչ պետք է գրեն կամ ասեն տարբեր միջազգային փորձագետներ, որ հասկանալի լինի վաղուց բոլորին հայտնի ճշմարտությունը՝ 2016 թվականին նախորդ կոռուպցիոն կառավարությանը ներկայացված տվյալները, ուսումնասիրությունները թերի են և հնարավոր չէ գնահատել իրական վտանգը»: Այն հղումը, որը կցել է հարցի տակ օգտատերը վերնագրված է՝ «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ի մասնագիտական ջախջախումն է «ԷԼԱՐԴ»-ի մասնագետների կողմից»:
Աղաջանյան. - Նախ «ԷԼԱՐԴ»-ի եզրակացության վերաբերյալ, այդ մեկնաբանությունը պարոն Գալստյանի մեկնաբանությունն է, որը, բնականաբար, իրավունք ունի գոյություն ունենալ, սակայն տեղյակ եք, որ քննչական մարմինները քրեական գործի շրջանակներում նաև հիմք են ընդունել «ԷԼԱՐԴ» կազմակերպության հետազոտությունը և դրանց արդյունքները: Նրանց պաշտոնական դիրքորոշումը հավանաբար շուտով մենք կաստանանք, այդ թվում՝ «ԷԼԱՐԴ»-ի եզրակացության վերաբերյալ: Այս պահին ուղղակի կարող եմ ասել, որ այն միանշանակ չէ, և պարոն Գալստյանի կարծիքը միանշանակ չէ, որ քննչական մարմինները կկիսեն:
Ուզում եմ հիշեցնել, որ կառավարության դիրքորոշումը շատ հստակ է հանքի շահագործման համատեքստում, իսկ դիրքորոշումը պարոն վարչապետի կողմից տարբեր անգամներ հնչեցվել է, այն է, որ հանքը պետք է շահագործվի, եթե պարզվի, որ անկառավարելի ռիսկեր հանքի շահագործման հետ կապված չկան, և հանքը չի կարող շահագործվել, եթե կպարզվի, որ հանքի շահագործումը ենթադրում է անկառավարելի բնապահպանական ռիսկեր:
«Ազատություն». - Նույն օգտատերը նաև հետաքրքրվում է. «Ինչո՞ւ վարչապետն ու կառավարությունը չկատարեցին իրենց խոստումը այն դեպքում, երբ 2019-ին «ԷԼԱՐԴ»-ի միջազգային փորձագիտական թիմը ևս մեկ անգամ հաստատեց, որ «Լիդիան»-ի 2016-ի ՇՄԱԳ-ն ու նախագիծը բավարար չեն հանքի ապահով շահագործման համար: Հարցը մնում է բաց, թե ինչո՞ւ ՀՀ կառավարությունը 450 հազար դոլար ծախսելուց ու միջազգային ուսումնասիրություն պատվիրելուց հետո չգնաց փորձագետների ուղենշած ճանապարհով:
Աղաջանյան. - Ես պետք է կրկնվեմ, որ այն եզրակացությունը «ԷԼԱՐԴ»-ի վերաբերյալ, որը ներկայացվում է պարոն Գալստյանի կողմից միանշանակ չէ, և կառավարությունը այս պահին չի կարող պնդել: Պետք է նշեմ, որ «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունը հաճախ բավականին բարդ մեկնաբանությունների տեղիք է տալիս և պետք է լինել տվյալ ոլորտի նեղ մասնագետ, որպեսզի այդ մեկնաբանությունները ճիշտ վեր հանել: Պետք է տեղեկացնեմ, որ քննչական մարմինները դրա համար համապատասխան մասնագետների են ներգրավել և նրանց կարծիքները ևս հաշվի են առնվել:
«Ազատություն». - Բնապահպաններն ասում են՝ մեծ հույսեր ունին, որ հեղափոխությունից հետո կառավարությունը Ամուլսարի հարցը կլուծի և չի շահագործի, և ասում են, որ կառավարությունը քննարկման չի գնում իրենց հետ, գուցե իսկապես արժե՞ հավաքվել, քննարկել, լսել բնապահպաններին, վերջին այդպիսի հանդիպումը ե՞րբ է եղել:
Աղաջանյան. - Ես չեմ կիսում այդ դիրքորոշումը, որովհետև իմ մասնակցությամբ տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, այդ թվում նաև Ձեր կողմից նշված կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, Լևոն Գալստյանի մասնակցությամբ, բնապահպանական ճակատի այլ անդամների մասնակցությամբ: Պնդումները, թե կառավարությունը այս հարցի առնչությամբ հաշվի չի առնում բնապահպանների կարծիքները և որևէ կերպ չի հաղորդակցվում նրանց հետ առնվազն իրականությանը չեն համապատասխանում: Ասեմ ավելին, անձամբ իմ միջնորդությամբ ուղիղ կապ է հաստատվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի և տվյալ կազմակերպությունների միջև և առաջարկվել է հիմնավոր փաստարկների առկայության պարագայում քրեական գործի շրջանակներում ամբողջական ինֆորմացիան փոխանցել պարոն Արսեն Այվազյանին:
«Ազատություն». - Պահանջը մեկն է՝ «Ամուլսարը սար է մնալու»:
Աղաջանյան. - Հարցը երկու կողմ ունի. մի կողմի պահանջը, այո, մեկն է, սակայն մենք տեղյակ ենք, որ հարցը նաև երկրորդ կողմն ունի և շահագրգիռ կողմը մեկը չի, առնվազն երկու շահագրգիռ կողմ կա: Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ հանքարդյունաբերողները պնդում են, որ հանքը պետք է շահագործվի համապատասխան հիմնավորումներով, որոնք որ իրենք են բերում: Եթե այդ հարցի լուծումը լիներ այդքան պարզ և հստակ, թերևս այս հարցն այսքան երկար չքննարկվեր և խնդրի լուծումն այսքան երկար չձգվեր: Այո, մեզ հասկանալի է բոլոր շահագրգիռ կողմերի տրամադրվածությունները, շահերը, մտավախությունները, բայց կառավարությունը ունի սկզբունքներ և այդ սկզբունքների շրջանակներում է, որ որոշումը կկայացվի: