ԱԳՆ-ի հետ համագործակցության արդյունքում հնարավոր է եղել Հայաստան վերադարձնել բազմաթիվ ուսանողների․ Արայիկ Հարությունյան

ԱԳՆ-ի հետ համագործակցության արդյունքում հնարավոր է եղել Հայաստան վերադարձնել բազմաթիվ ուսանողների․ Արայիկ Հարությունյան

Բոլոր այն աշակերտներին, որոնք ունեն կապի կամ սարքավորումների խնդիր, դիմում ենք ուսուցիչներին եւ կոչ անում, որ անհատական մոտեցում ցուցաբերեն։ Այս մասին այսօր Կառավարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա ասաց, որ լուծում են սարքավորումների հարցերը, սակայն դրանք դեռեւս բոլորին հասանելի չեն։
«Մենք այս ընթացքում սարքեր ենք հավաքագրել, շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, որ հնարավորության սահմաններում հագեցնենք դաշտը, բայց նաեւ պետք է հաշվի առնենք, որ սարքերի հետ կապված մեծ դժվարություններ կան նաեւ ամբողջ աշխարհում»,- ասաց նախարարը։
Մյուս հարցին, թե արդյոք արտերկրում միջպետական ծրագրերով սովորողների հետ կապված խնդիրներ առաջացե՞լ են, Հարությունյանը պատասխանեց․ «Արտակարգ դրության այս պայմաններում եւ աշխարհում կորոնավիրուսի տարածման պայմաններում առաջացել է օբյեկտիվ իրավիճակ»։ Նա հավելեց, որ այդ իրավիճակը, երբ կան տեղաշարժման խնդիրներ եւ սահմանափակումներ, բնական է, որ խնդիրներ կարող են առաջացնել։ «Ընդունելության հետ կապված առաջացել են խնդիրներ, մենք հիմա, ըստ երկրների, փորձում ենք լուծումներ գտնել, բայց դրանք հեշտ չեն, կապված են ե՛ւ տեղում ուսումնական պրոցեսի, ե՛ւ քննությունները կազմակերպելու, ե՛ւ նաեւ տեղաշարժի հետ»,- հայտարարեց նախարարը։
Նա նաեւ ընդգծեց, որ ԱԳՆ-ի հետ շատ սերտ համագործակցության արդյունքում հնարավոր է եղել Հայաստան վերադարձնել բազմաթիվ ուսանողների, որոնք կորոնավիրուսի տարածման սահմանափակումներով պայմանավորված՝ չէին կարողանում Հայաստան վերադառնալ։ 

21.06.2020