Եվրախորհրդարանի երեք պատգամավորների համատեղ հայտարարությունը ՉԻ համարվում Եվրախորհրդարանի հայտարարություն. Արման Եղոյան

Եվրախորհրդարանի երեք պատգամավորների համատեղ հայտարարությունը ՉԻ համարվում Եվրախորհրդարանի հայտարարություն. Արման Եղոյան

Եվրախորհրդարանի երեք պատգամավորների համատեղ հայտարարությունը ՉԻ համարվում ոչ Եվրախորհրդարանի հայտարարություն, ոչ էլ՝ այդ երեքից մեկի ղեկավարած ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հայտարարություն։
Եվրախորհրդարանի արտաքին քաղաքական հարցերով պաշտոնական առաջարկությունները հաստատվելու են մի քանի օրից։ Այ դա՛ է լինելու Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը և անցնող երեք ամիսների ադրբեջանական բոլոր ջանքերն ուղղված էին հենց այդ փաստաթղթում ներառել այն խայտառակ ձևակերպումները, որ հիմա տեղ են գտել այս երեքի, ըստ էության, անհատ տեսակետներն արտահայտող հայտարարությունում։
Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի հիմնական զեկուցող պարոն Բասեսկուի մասին, կարծում եմ, շատ բան չկա ասելու, նրա հետ ամեն ինչ պարզ է։
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի ԵՄ պատվիրակությանը, ապա այն ևս որևէ հայտարարություն չի տարածել։ Կոմիտեի ԵՄ պատվիրակության ղեկավարը, ով նաև ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի, և ԵՄ-Վրաստան խորհրդարանական ասոցացման կոմիտեի եվրոպական պատվիրակության ղեկավարն է, ընդամենը թղթին է հանձնել իր անտեղյակ, կողմնակալ և ապակառուցողական մտքերը։
ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախորդ նիստը տեղի է ունեցել դեռ 2018 թ․ հոկտեմբերին, Ստրասբուրգում, հաջորդը պետք է տեղի ունենար այս տարվա ապրիլին՝ Երևանում, սակայն հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Կոմիտեների հայտարարությունները ընդունվում են հենց այս նիստերի ժամանակ, իսկ նման հանդիպում ոչ միայն չի եղել, այլ նաև կոմիտում ԵՄ պատվիրակության ղեկավարից բացի դրա մշտական 17, և փոխարինող 17 անդամներից որևէ մեկի ստորագրությունը չկա այդ հայտարարության տակ։
ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում հայկական պատվիրակությունը (նկատեք, ամբո՛ղջ պատվիրակությունը) երեկ հայտարարություն է տարածել ԵՄ այս երեք պատգամավորների հայտարարության վերաբերյալ։ Նրանց բոլորի հետ հետագա համագործակցությունն այս պահին առկախված է և պայմանավորված կլինի իրենց սխալի գիտակցման և դրա հետևանքների վերացման պատրաստակամության աստիճանից։

13.06.2020