Ընտանիքի և բռնության մասին. Վարազդատ Կարապետյան

Ընտանիքի և բռնության մասին. Վարազդատ Կարապետյան

Ընտանիքի և բռնության մասին։

Եթե անընդհատ գովենք մեզ, ոչինչ չի փոխվի։ Եթե կանգնենք իրականության առջև ու խոստովանենք մեր սխալները, թերությունները, ապա վերափոխման ձգտումը մեզ առաջ կտանի։

Հազարավոր տարիներ, ունենալով կամ զրկված լինելով պետականությունից, մենք ապավինել ենք մեր ընտանիքին, տեսել այստեղ ապահովություն, կայունություն։ Ընտանիքը եղել է կրթության ու դաստիարակության աղբյուր։
"Ընտանիք" ինստիտուտը իրականացրել է մի շարք էական հանրային գործառույթներ, որ չէին կարող անել պետությունը, եկեղեցին կամ միայնակ մարդը։

Փոխվում է աշխարհը, մարդը, համայնքը, աշխարհի ու մարդկանց համատեղ կյանքի ընդունված կաղապարները, դերերը։

Հիմա մենք կանգնած ենք կարևոր ընտրության առջև։ Թողնենք իրավիճակը ինչպես որ կա, թե՞ քննենք ընտանիքի նոր դերակատարումը, հասկանանք հանրային հարաբերություններում ընտանիքի նոր դերը, կառուցենք նոր լուսեղեն միություն, որը օգնում է մարդկանց ավելի լավը դառնալ, ավելի բարի, ավելի ազատ ու, որ ամենակարևորն է, երջանիկ։

Մենք կարծես ապրում ենք զուգահեռ իրականությունների մեջ։ Կան ընտանիքներ, որտեղ մարդիկ օգնում են իրար, քանի որ սիրում են, որտեղ երեխաները կրթության ու հանրային կյանքի հիանալի հնարավորություն են ստանում։

Ընտանիքներ էլ կան ու, ցավոք, շատ, որտեղ մարդիկ իրար հետ են ճակատագրից ելնելով, ու սեղմում են իրար, գրավում մարդկային ազատության տարածքը, մարդուն մղում հանցանքի կամ անազատության, որտեղ երեխան գործիք է սեփական ամբիցիաները ի կատար ածելու համար։

Հիմա մեր ընտրության ժամն է։
Մենք կա՛մ թողնում ենք, որ այս կերպ կյանքը շարունակվի, կամ մեզ վրա սկսում ենք կրել մարդկային խեղված ճակատագրերի պատասխանատվությունը ու սկսում ենք փոխել մե՛ր ու նաև մեր երկրի այլ ընտանիքների դրվածքը, հարաբերությունների որակը, երեխայի վիճակը։

Կա՛մ լուսեղեն ու օրհնված ընտանքիները սկսում են կրել երկրի բոլոր ընտանիքների պատասխանատվությունը, կա՛մ երջանկությունն ու դժբախտությունը, հարստությունն ու աղքատությունը, խավարը և լույսը շարունակում են մրցել փողոցում, դպրոցում, համայնքում, ընտանիքում և ողջ երկրում։

Մարդու ստեղծարար ազատության սահմանափակումը բռնություն է։ Եվ եթե ընտանքիում կնոջ կամ տղամարդու ազատությունը իր կամքին հակառակ սահմանափակվում է, ազդեցության առաջին ու ամենաթույլ օղակը դառնում է երեխան։ Մեր երկրում հազարավոր ընտանքիներ կան, որտեղ երեխաները կայուն բռնության են ենթարկվում՝ ֆիզիկական կամ բարոյական։ Սրա հետևանքը հանցավորությունն է, անբարոյականությունը, տգիտությունը, խեղճությունը․․․

Մենք պարտավոր ենք խոսել այս թեմայով։ Պատմել իրար իրողությունը, նկարագրել վիճակը։ Նկարագրել առանց ավելորդ հուզականության, էմոցիայի, գնահատականի։
Մենք պարտավոր ենք առերեսվել իրականության հետ։
Սա վերափոխման առաջին քայլն է։
Հետո կգտնենք փոփոխության ուղին։ Կարևորը դրա բանաձևն է՝ անկեղծություն, համատեղ որոշումների ընդունման կամք։ Միասին։ Իրար ձեռք բռնած ու վստահելով իրար։

 

Վերջին օրերի ընթացքում շատ է խոսվում երեխաների նկատմամբ սեռական բռնության ահավոր դրսևորումների մասին։ Երեխաները պետք է ունենան պաշտպանվելու հնարավորություն, հատկապես, եթե բռնությունը գործում են իրենց կողմից վստահելի մարդիկ՝ ընտանիքի անդամներ, ազգականներ։ Երեխան չի գիտակցում, թե ինչ է բռնությունը, ու եթե այն շարունակական է, ապա ընդմիշտ խեղում է մարդու ապագան, հանգեցնում անդառնալի հետևանքների։ Եվ, ցավոք, այս երևույթ մեզ մոտ առկա է։ Հիմա մեր խնդիրն է երեխային տալ հստակ ուղեցույց (ցանկալի է, որ դա անեն ծնողները), թե ինչպե՛ս վարվել կամ ու՛մ դիմել, և, որ ամենակարևորն է, ո՛ր իրավիճակում։ Իսկ եթե ծնողը չի կարող այս պարզ գիտելիքը տալ երեխային, ապա դա կարող է անել ուսուցիչը։ Ու խոսքը դպրոցում նոր դասաժամերի կամ առարկաների մասին չէ ընդհանրապես։ Երեխայի հետ աշխատանքը հսկայական պատասխանատվություն է ենթադրում ու մեր կրթական համակարգը պետք է այդ նույն հսկայական պատասխանատվությամբ մոտենա այս հարցին։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը լավ է, բայց մեր վարքը կարող ենք և պարտավոր ենք փոխել մե՛ր մոտեցումներով ու մե՛ր ազգային ու պատմական առանձնահատկությունները հաշվի առնելով, մե՛ր լավագույն մասնագետների ներգրավմամբ, ազգային կառույցների միջոցով։ Լավ է, որ կան միջազգային համաձայնագրեր այս հարցի վերաբերյալ, բայց մեր խնդիրները մե՛նք պետք է լուծենք, համախմբված, միասին, մեր հավաքական իմաստության շնորհիվ։

09.06.2020