Հայ ժողովուրդը հայտնի է որպես աշխատող, ստեղծարար, տաղանդավոր ժողովուրդ. Նիկոլ Փաշինյան

Հայ ժողովուրդը հայտնի է որպես աշխատող, ստեղծարար, տաղանդավոր ժողովուրդ. Նիկոլ Փաշինյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։

Աշխատանքը մեր իրականության մեջ առկա խնդիրների լուծման միակ գործիքն է, եւ մարդկային ու ազգային արժանապատվության տրամաբանությամբ, մեր առաջ ծառացած բոլոր հարցերը պետք է լուծենք մեր աշխատանքով:

Աշխատանքը նաեւ մարդկանց համագործակցության ամենաստեղծարար հարթակն է եւ այդ համագործակցության շնորհիվ է ստեղծվել ժամանակակից քաղաքակրթությունը: Եւ ուրեմն, աշխատանքի կարեւորագույն էությունը ոչ միայն առկա հնարավորություններից օգտվելն է, այլեւ ուրիշների համար հնարավորություն ստեղծելը:

Իմ ցանկությունն է, որ բոլորս հենց այսպես ընկալենք աշխատանքը, որովհետեւ շարունակում եմ համոզված մնալ, որ անհատական ջանքը եւ այդ ջանքի արգասիք աշխատանքն է մեր բոլոր խնդիրների լուծման բանաձեւը: Առանձնապես կարեւոր է աշխատանքի արդյունավետությունը, իսկ դա անհնար է առանց կրթության՝ իմացությունների, հմտությունների, գիտելիքների անընդհատ զարգացման: Կրթությունն էլ իր հերթին աշխատանք է եւ ուրեմն մեր բոլոր հարցերի լուծումը տեսնում եմ կրթություն-աշխատանք-կրթություն բանաձեւով:

Սիրելի՛ ժողովուրդ,

Այս տարի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված շատերն աշխատում են հեռավար, շատերը՝ ավելի ծանրաբեռնված եւ ռիսկային պայմաններում:

Մեծ գնահատանքի են արժանի առողջապահության, իրավակարգի պահպանության, պետության անվտանգության, սննդամթերքի, բժշկական պարագաների եւ դեղամիջոցների արտադրության և ներկրման ոլորտներում աշխատողները, որոնց գործունեության արդյունքում ապահովվում է երկրի կենսագործունեությունը՝ ճգնաժամային պայմաններում:

Մեծ գնահատանքի են արժանի նաեւ այն բոլոր գործատուները, ովքեր ի հեճուկս տնտեսական դժվարությունների՝ շարունակում են պահպանել աշխատատեղերը, չեն գնում կրճատումների ու նաև օգտվելով կառավարության հակաճգնաժամային ծրագրերից՝ աշխատանքներ են տանում վնասները նվազագույնի հասցնելու եւ հետագա զարգացման ուղղությամբ:

Հայաստանի կառավարությունը, չնայած պատուհասած ճգնաժամին, շարունակելու է տնտեսության զարգացման իր հետեւողական քաղաքականությունը՝ խրախուսելով աշխատանքն ու աշխատավոր մարդկանց:

Մեր հակաճգնաժամային ծրագրերն ուղղված են առաջին հերթին այն մարդկանց եւ ընկերություններին, ովքեր աշխատել են Հայաստանի Հանրապետության աշխատանքային, հարկային օրենսդրության ճշգրիտ պահպանմամբ: Սրանով մենք ոչ միայն մեր գնահատանքի տուրքը մատուցեցինք այդպես աշխատող մարդկանց, այլեւ օգտվեցինք այն պատեհությունից, որ գրանցված աշխատողին շատ ավելի հեշտ է նույնականացնել, հասցեավորել այն պարագայում, երբ նա ճգնաժամի պայմաններում կորցնում է աշխատանքը եւ աջակցության կարիք ունի: Գրանցված աշխատանք ունենալն աշխատանքային իրավունքների պաշտպանության կարեւոր երաշխիք է, եւ բոլոր աշխատողներին կոչ եմ անում գործատուներից պահանջել գրանցել իրենց աշխատատեղերը եւ աջակցել կառավարությանն իրենց իսկ աշխատանքային իրավունքները պաշտպանելու հարցում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ ժողովուրդը հայտնի է որպես աշխատող, ստեղծարար, տաղանդավոր ժողովուրդ: Եւ հայ ժողովուրդն իր աշխատանքով ու ստեղծարար տաղանդով կառուցելու է իր երազած հայրենիքը: Այդ գործընթացը սկսվել է, շարունակվելու եւ հասնելու է հաղթական ավարտի՝ ի հեճուկս ճգնաժամի բերած դժվարությունների:

 

Շնորհավոր Մայիսի 1 եւ կեցցե՛ ստեղծարար աշխատանքը:

01.05.2020