Պաշտոնյաների վարձատրության թեմային նորից եմ անդրադառնում՝ կոնկրետ օրինակներ բերելով. Լենա Նազարյան

Պաշտոնյաների վարձատրության թեմային նորից եմ անդրադառնում՝ կոնկրետ օրինակներ բերելով. Լենա Նազարյան

Պաշտոնյաների վարձատրության թեմային նորից եմ անդրադառնում՝ կոնկրետ օրինակներ բերելով։ Հիմա միայն արձանագրում եմ խնդիրները. լուծումները կլինեն համավարակի բարեհաջող հաղթահարումից հետ։
Երբ խոսում ենք բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին, արդարացիորեն հնչում է քննադատություն, որ այդ հարցը պետք է դիտարկել այլոց՝ նույն պետական համակարգի ներսում և այլ հանրային ոլորտներում աշխատողների՝ ուսուցիչների, բուժաշխատողների, իրավապահ համակարգի ծառայողների աշխատավարձերի բարձրացման համատեքստում։ Իհարկե, դա է ամենաարդար մոտեցումը. բարձրացնել բոլորի աշխատավարձը՝ համաչափ ու բոլորինը միանգամից։ Շատ լեգիտիմ հարցադրում է, և սրան իմ պատասխանը հետևյալն է. այս պահին կառավարությունը կադրային քաղաքականության հարց է լուծում, որի վերջնական նպատակը բոլորի բարեկեցությունն է։
Իրական կյանքից օրինակ բերեմ՝ առանց անուններ տալու. մի պաշտոնյա, որի աշխատանքի արդյունքում վերջին երկու տարում ավելացել է համայնքային բյուջեն, և ավելացել են մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձերը, հարազատ հոր առողջական խնդրի լուծման նպատակով ստիպված է մեկնել արտասահման՝ գումար վաստակելու։ Կասեք, բայց շատ մարդիկ կան, որոնք ընտանիքի և հարազատների կարիքների համար արտագնա աշխատանքի են մեկնում։ Այո, բայց ո՞վ պետք է նպաստի այլոց խնդիրների ինստիտուցիոնալ լուծմանը, եթե ոչ հենց այդ նույն պաշտոնյան։ Կամ՝ ո՞վ պետք է մշակի ու կյանքի կոչի համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը, որպեսզի ոչ ոք Հայաստանում իր ծնողների, իր կամ զավակների կյանքի ու առողջության փրկության համար չմեկնի արտագնա աշխատանքի կամ չվաճառի վերջին ունեցածը։ Կրկին համապատասխան գերատեսչության պետական պաշտոնյաները, այս դեպքում՝ առողջապահության նախարարության։ Ուրեմն մենք չենք կարող թույլ տալ, որ այս հիմնարկներում աշխատողները ամեն պատահարի բերումով թողնեն քաղաքականության մշակումն ու իրագործումը և դուրս գան իրենց անձնական հրատապ հոգսերը հոգալու։
Կան բազմաթիվ ուրիշ օրինակներ, բայց նորից անուններ չեմ նշի. երբ նախարարները կամ փոխնախարարները ստանձնել են պետական ծառայությունը՝ հրաժարվելով մասնավոր ոլորտում իրենց մի քանի անգամ բարձր աշխատավարձից, դա արել են գիտակցաբար ու ոլորտի զարգացման մեջ ներդրում ունենալու մղումներով։ Բնականաբար, դա չեն արել՝ սպասելով շնորհակալությունների, այլ արել են այն գիտակցումով, որ բոլորիս համատեղ ներդրման արդյունքում ընդհանուր բարեկեցության պայմաններն ենք զարգացնելու՝ ինստիտուցիոնալ լուծումներ բերելով, երկիրը զարգացնելով։ Իմ ասելիքն այն է, որ այսօր պետք է այս մարդկանց կայուն աշխատելու պայման ապահովենք, որպեսզի բարեփոխումները ի վերջո կայանան։ Քանի որ ոչ մի ոլորտ չի կարող զարգանալ մի քանի ամսում. տարիների ներդրում է պետք։
Այո, անշուշտ, շատ ավելի արդար կլիներ, եթե բոլորի աշխատավարձը բարձրանար համաչափ և միանգամից։ Բայց դա այս պահին ռեսուրսների սղության հարց է և սուղ ռեսուրսների շրջանակում միջանկյալ լուծումների հարց է։ Այս ճշմարտության վկայությունն է այն, որ հեղափոխությունից ընդամենը մեկ տարի անց հարյուր հազարավոր ուսուցիչների, բժիշկների, զինծառայողների աշխատավարձերը բարձրացել են։ Բոլորովին չեմ համարում, որ արվածը բավարար է։ Դա ընդամենը մեկ քայլ է այդ ուղղությամբ՝ շարունակական գործընթացի սկիզբը։
Բնականաբար, նախարարների բարեկեցության հարցը չէ, որ դնում եմ, և բնականաբար դա չէ այն մտահոգությունը, որով մենք ստանձնել ենք մեր քաղաքական հանձնառությունները։ Ի վերջո՝ բոլոր բարձրակարգ մասնագետները կարող են գտնել իրենց տեղը ամենուր պետական համակարգից դուրս, եթե իրենց հուզի միայն սեփական բարեկեցության հարցը։ Քննարկմանը մասնակցելով՝ ես կադրային քաղաքականության հարցն եմ շեշտում, որի նպատակը քաղաքական բարեփոխումները առաջ տանելն է և հանրային բարեկեցության աճը։ Խոսելով բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ նախարարների, փոխնախարարների ու քաղաքային իշխանության գործադիր մարմնի ղեկավարների վարձատրության հարցի մասին՝ դա դիտարկում եմ բացառապես ողջ հանրության բարեկեցության բարձրացման համատեքստում։
Կառավարության կադրային քաղաքականության նպատակով վարձատրության հավելումների տրամաբանությունը՝ որպես ժամանակավոր լուծում, ինձ համար ընդունելի է։ Բայց այստեղ թերևս մի բայց կա։ Կարծում եմ, որ արդարացի քննադատության առիթն այն է, որ մարդկանց համար տեսանելի չէ պետական համակարգում բոլոր աշխատողների վարձատրության համաչափ բարձրացման պլանավորված ռազմավարությունը։ Մարդիկ չեն տեսնում, թե երբ, ինչ ժամկետներով և որքան է նախատեսվում բարձրացնել այս կամ այն ոլորտի հանրային ծառայողների աշխատավարձերը։ Այս քաղաքականությունները կրկին մշակում են առանձին գերատեսչությունները, և գուցե կարիք կա, որ դրանք ամփոփիչ ձևով հանրությանը ներկայացվի։
Բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը նույնքան կարևոր և, շեշտում եմ, հանրային խնդիր է, որքան պետական համակարգի մյուս աշխատողների, կրթական, առողջապահական և հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցների աշխատավարձի հարցը։ Նախկինում բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը երբեք չի քննարկվել։ Մենք երբևէ հետաքրքրվե՞լ ենք, թե որքա՞ն աշխատավարձ է ստանում պաշտոնյան. ո՛չ։ Ինքնըստինքյան հասկանալի էր, որ պաշտոնյաները իրենց աշխատավարձի հույսին չեն. նրանք բազմապատիկ ավելի ստվերային եկամուտներ ունեին իշխող կուսակցության, բիզնեսի կամ կոռուպցիայի հովանոցի տակ լինելով։ Հետևաբար նախկինում պետական պաշտոնյան կախյալ վիճակում էր իր կուսակցական վերնախավի քմահաճույքից, օլիգարխիկ կոռուպցիոն համակարգից։ Այժմ նոր իրականություն է, որտեղ պաշտոնյայի գործառույթը հանրային շահի սպասարկումն է, հետևաբար նա մեծ հաշվով պետք է կախյալ լինի հանրային թափանցիկ, օրինական միջոցներից, այն է՝ իր աշխատավարձից ու պարգևավճարներից, օրենքի շրջանակում այլ միջոցներից։ Ահա, հարցի այս կողմն է, որ կարևորում եմ այս քննարկման մեջ։ Ես հարկ եմ համարել և հիմա էլ հարկ եմ համարում արձանագրելու, որ պետական բարձրաստիճան պաշտոնում կատարված աշխատանքի վարձատրության հարցը անձնական կամ կուսակցական հարց չէ, սա հանրային հարց է։
Հատկապես համավարակի ճգնաժամի այս օրերին հանրությունը տեսնում է կառավարության, նախարարների և նրանց անձնակազմերի աշխատանքի բնույթը, նրանց ճկուն արձագանքը, ներդրված ջանքերի ծավալը։ Եվ հանրությունը պետք է թույլ տա այս խնդիրը լուծել, ինչպես արդեն ասացի, համընդհանուր բարեկեցության աճի, հանրային ծառայությունների որակի բարձրացման և այլ բարեփոխումները շարունակելու նպատակով։

14.04.2020