Սիրելի՛ հայրենակիցներ,  Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ. Տիգրան Ավինյան

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ. Տիգրան Ավինյան

Մայիսն իրապես մեր հաղթանակների ամիսն է. հաղթանակներ, որոնք հայ ժողովուրդը տարել է խաղաղություն հաստատելու, զարգացման պայմաններ ստեղծելու և պատմական արդարությունը վերականգնելու համար:

Ավելի քան յոթ տասնամյակ առաջ շուրջ 600 հազար մեր հայրենակիցներ մասնակցեցին այլատյացության ու ատելության խավարից աշխարհը փրկելու պայքարին: Շատերն իրենց կյանքը զոհեցին՝ հանուն մարդու ազատության և արժանապատվության իրավունքի պահպանման և քաղաքակրթական առաջընթացի:

Պատմական զուգադիպությամբ նացիզմի վարակից ազատվելուց գրեթե կես դար անց նույն օրը մի այլ փառավոր հաղթանակ պիտի տոնեինք: Ոգեշնչվելով իրենց պապերի ու հայրերի սխրանքներից՝ մեր մարտիկներն ազատագրեցին հայոց բերդաքաղաք Շուշին՝ բեկում մտցնելով արցախյան ազատամարտում ու երաշխավորելով մեր ժողովրդի կյանքի իրավունքը և սեփական հողում ազատ արարելու հնարավորությունը:

Մայիսյան հաղթանակները մեր պատմության հերոսական էջերից և ազգային դիմագծի ձևավորման առանցքային իրադարձություններից են: Դրանք ապացուցել են մեր ժողովրդի կենսունակությունը, պայքարելու ու հաղթելու կարողությունը, ապահովել են հայոց պետականության կայացումը և հետագա զարգացումը:

Ցանկանում եմ հատկապես շնորհավորել և շնորհակալություն հայտնել մեր վետերաններին ու ազատամարտիկներին:

Խոնարհվում եմ հաղթանակները կերտելու գործին իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակի առջև: Ձեր սխրագործությունները, անձնազոհությունն ու նվիրումը Հայրենիքին երբեք չեն մոռացվի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մայիսյան այս օրերին մենք անցնում ենք հերթական փորձության միջով՝ պայքար մղելով կորոնավիրուսի համավարակի դեմ: Եվ այժմ մտել ենք մի փուլ, երբ մեզանից յուրաքանչյուրի անձնական բարձր պատասխանատվությունը, կարգապահությունը և գիտակցությունն առավել քան կարևոր են հաջողության հասնելու համար:

Համոզված եմ, որ հերթական անգամ կդրսևորվի դժվարին ու վտանգավոր պահերին համախմբված ու համերաշխ լինելու մեր հատկանիշը, իսկ մայիսյան հաղթանակների խորհուրդը ուղենիշ կլինի գալիք ձեռքբերումների համար:

09.05.2020