dots

Էթիկայի կանոնագիրք

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Էթիկայի կանոնագիրք


I. Ներածություն


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (այսուհետ՝ Կուսակցություն) հանձնառու է խթանել ժողովրդավար, ազատ, արդար և թափանցիկ հասարակության զարգացումը: Սույն Էթիկայի Կանոնագիրքը սահմանում է վարքագծի պարտադիր կանոններ Կուսակցության բոլոր անդամների համար՝ նպատակ ունենալով խթանել վստահություն Կուսակցության ներսում և հանրության շրջանում:


Կանոնագիրքն արտացոլում է Կուսակցության նվիրվածությունը ժողովրդավարությանը և օրենքի գերակայության սկզբունքին, հանրային շահին, ազնվությանը, բարեվարքությանը, հանրային համերաշխությանը և հաշվետվողականությանը։


II. Ազնվություն և  պարկեշտություն


Կուսակցության անդամները պարտավոր են`

  • գործել ազնվորեն և թափանցիկ՝ իրենց քաղաքական և հանրային գործունեության վերաբերյալ ներկայացնելով միայն ճշմարիտ տեղեկատվություն,
  • կատարել իրենց պարտականությունները բարեխղճորեն՝  ծառայելով Հայաստանին բոլոր դերերում՝ կոմպետենտությամբ և հոգատարությամբ,
  • չօգտագործել Կուսակցության անդամ լինելու հանգամանքը, ինչպես նաև հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու հանգամանքը  ուղղակի կամ անուղղակի անձնական օգուտ ստանալու համար,  
  • ստորադասել անձնական շահը հանրային շահին և խուսափել ցանկացած իրավիճակից, որը կարող է հանրության շրջանում ստեղծել օբյեկտիվ կասկած շահերի բախման առկայության մասին,
  • խուսափել հովանավորչությունից, նեպոտիզմից եւ ցանկացած այլ կոռուպցիոն ռիսկ պարունակող վարքագծից,
  • չկատարել գործողություններ, որոնք կարող են վնասել Կուսակցության հեղինակությանը, խաթարել վերջինիս հանդեպ վստահությունը և/կամ հակասել ժողովրդավարության սկզբունքներին։


III. Հավասարություն  և խտրականության բացառում


  • Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել հավասարության սկզբունքը՝  մերժելով  ցանկացած տեսակի խտրականություն, որը հիմնված է սեռի, էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքի, առողջական վիճակի (այդ թվում՝ հաշմանդամության), կամ որևէ այլ հանգամանքի վրա,
  • խթանել ներառական, հարգալից ու հավասար հնարավորություններ ապահովող միջավայր Կուսակցության գործունեության բոլոր ասպարեզներում։


IV. Հարգալից վերաբերմունք  և բռնության բացառում


  • Կուսակցության անդամները պարտավոր են հարգալից և արժանապատիվ վերաբերմունք դրսևորել բոլոր անձանց՝ միմյանց, գործընկերների, քաղաքական հակառակորդների և քաղաքացիների հետ հարաբերություններում, մերժել ատելության խոսքը, վիրավորանքը, ոտնձգությունը, ահաբեկումը կամ որևէ այլ ճնշման ձև՝  ինչպես առերես, այնպես էլ առցանց հաղորդակցության ընթացքում,
  • Կուսակցությունը մերժում է հանրային միջավայրում բռնության ցանկացած դրսևորում, այդ թվում՝  քաղաքական գործընթացներում,
  • Կուսակցության անդամները՝  հատկապես հանրային  քաղաքական պաշտոններ  զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում՝  ներառյալ սոցիալական մեդիաներում, ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև խթանել հանդուրժողականություն։


V. Քաղաքական մշակույթ


  • Կուսակցության անդամները պարտավոր են խթանել ժողովրդավարական քաղաքական մշակույթը, որի հիմքում երկխոսությունը, համերաշխությունը, փոխադարձ հարգանքը  և պատասխանատու վարքագիծն են,
  • Կուսակցության անդամները պետք է բարեվարք, հաշվետու և թափանցիկ գործունեությամբ օրինակ  ծառայեն՝ բարձրացնելով հանրային վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների և պետական կառավարման նկատմամբ,
  • Կուսակցության անդամները պարտավորվում են դրսևորել արդար, ազնիվ և թափանցիկ վարքագիծ համապետական, համայնքային և ներկուսակցական ընտրություններում՝ օգտագործելով բացառապես օրինական և ազնիվ միջոցներ:


VI. Ներկուսակցական մշակույթ և հաղորդակցություն


  • Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել և խթանել բաց, ներառական և մասնակցային ներկուսակցական միջավայրը, որտեղ յուրաքանչյուր անդամ կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը, 
  • Կուսակցության անդամները միմյանց հետ հարաբերություններում, այդ թվում՝ միմյանց պատասխանատվության կանչելիս, պարտավոր են առաջնորդվել Կուսակցության կանոնադրությամբ և սույն Կանոնագրքով ամրագրված ընդհանուր սկզբունքներով՝ մերժելով ցանկացած տեսակի բռնություն, պահպանելով բարեկրթությունը, հարգալից վերաբերմունքը և գործընկերային վարքագիծը, խթանելով կառուցողական քննադատությունը:


VII. Կարգապահություն


  • Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել կուսակցության ներքին կարգապահությունը, հարգել և կատարել Կուսակցության մարմինների ընդունած որոշումները, ինչպես նաև հանդես չգալ Կուսակցության անունից առանց համապատասխան Կուսակցական մարմնի լիազորության,
  • Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել ներկուսակցական քննարկումների և կուսակցական մարմինների ներքին՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության գաղտնիությունը։


VIII. Օրենքի գերակայություն


  • Կուսակցության անդամները պարտավոր են ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և գործող օրենսդրությամբ,  մերժել կոռուպցիան, իշխանության չարաշահումը և օրենքի ցանկացած խախտում,
  • Կուսակցության անդամների կողմից հանցագործության հատկանիշներ պարունակող գործողություններին կամ խախտումներին Կուսակցությունը պետք է անհապաղ արձագանքի՝ դրանց համապատասխան նյութերը օրենքով սահմանված կարգով փոխանցելով իրավապահ մարմիններին։


IX. Հաշվետվողականություն


  • Կուսակցությունը հաշվետու է հանրությանը․ Կուսակցությունն իր ֆինանսավորման, գործունեության, որոշումների և դրանց հիմքում ընկած գործընթացների վերաբերյալ ներկայացնում է հրապարակային հաշվետվություն՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և մերժելով ցանկացած անօրինական և/կամ անհայտ աղբյուրից ֆինանսավորում,
  • Կուսակցության անդամները հաշվետու են Կուսակցությանը  և հանրությանը։


 

X. Հսկողություն և մոնիթորինգ


Կուսակցությունը, կարևորելով հանրային վստահությունը, ստանձնում է Կուսակցության առաքելության իրագործումն ու արժեքների պահպանումն ապահովելու հավաքական պատասխանատվությունը։

Կուսակցությունն իրականացնում է շարունակական հսկողություն և մոնիթորինգ, որպեսզի Կուսակցության անդամների՝ կանոնադրությանը կամ էթիկայի կանոնագրքին հակասող անպատշաճ վարքին անհապաղ արձագանք տրվի և գործի դրվեն ներկուսակցական և օրենքով սահմանված համապատասխան ընթացակարգերը։


Սույն Կանոնագրքի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վերահսկող հանձնաժողովը:


  • Վերահսկող հանձնաժողով 
  • Վերահսկող հանձնաժողովը տրամադրում է էթիկական խորհրդատվություն և ուղղորդում, քննարկում է ստացված բողոքներն ու դիմումները և տալիս է եզրակացություն Կանոնագրքի հնարավոր խախտման վերաբերյալ, ինչպես նաև, հարկ եղած դեպքում, Կուսակցության վարչությանն առաջարկում է կիրառել Կանոնադրությամբ նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոցներից մեկը, 
  • Վերահսկող հանձնաժողովը կարող է ինքնուրույն նախաձեռնել վարույթ Կանոնագրքի ենթադրյալ խախտումների առնչությամբ։


  • Բողոքների և դիմումների Գործընթաց
  •  Բողոքներն ու դիմումներն ուղղվում են Վերահսկող հանձնաժողովին, 
  • Բողոքները պետք է ներառեն նշում Կանոնագրքի ենթադրյալ խախտման վերաբերյալ, պարունակեն փաստական հիմնավորումներ և լինեն ստորագրված։ 
  • Վերահսկող հանձնաժողովը բողոքները և դիմումները քննարկում է և եզրակացություն է տալիս 30 օրվա ընթացքում։ Անհրաժեշտության դեպքում ընթացակարգը կարող է երկարաձգվել մինչև 15 օրով։


  • Կարգապահական պատասխանատվության միջոցներ
  • Բողոքի քննարկման արդյունքում Վերահսկող հանձնաժողովը կարող է դիմել Կուսակցության Վարչությանը՝ առաջարկելով կիրառել Կուսակցության Կանոնադրությամբ նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոցներից  որևէ մեկը։ 
  • Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումները (օրինակ՝ կոռուպցիա, բռնություն և այլն) պետք է անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով։


XI. Կրթություն


  • Էթիկան նախևառաջ կրթական եւ քաղաքակրթական հասկացություն է։ Սույն էթիկայի կանոնագրքի գործնական և արդյունավետ կիրառման մեխանիզմը կրթությունն է,
  • Կուսակցության անդամները Էթիկայի սույն կանոնագիրքը կիրառելու համար պետք է ուշադրություն դարձնեն ինքնազարգացմանը, սեփական մասնագիտական, քաղաքական, էթիկական հմտությունների զարգացմանը՝ կրթության միջոցով,
  • Այս ամենը, ինչպես նաեւ բարեվարքության եւ հակակոռուպցիոն բովանդակության իմացությունը Կուսակցության յուրաքանչյուր անդամի անհատական պատասխանատվությունն է։