
Կանոնադրություն


ՆԱԽԱԲԱՆ
«Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցությունը (այսուհետեւ՝
Կուսակցություն), հենվելով
Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա, հանուն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և
իրավական պետության, երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության ամրությունն ու
հարատեւությունը, Հայաստանի Հանրապետության ժողովրդի խաղաղ և անվտանգ արարումն իր
հայրենիքում, հիմք ընդունելով Կուսակցության ծրագրում և
կանոնադրության մեջ առաջադրված նպատակները և խնդիրները, ընդունում է սույն
կանոնադրությունը:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակն է հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու, հանրային, քաղաքական, պետական կյանքին մասնակցության այլ ձևերով Կուսակցության ծրագրի, նպատակների և խնդիրների իրագործման համար անհրաժեշտ հանրային ըմբռնում և աջակցություն ձևավորելը:
2. Կուսակցության կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ` Օրենք), ինչպես նաև Օրենքին համապատասխան ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, սույն Կանոնադրությամբ (այսուհետ` Կանոնադրություն) և Կուսակցության ծրագրով (այսուհետ` Ծրագիր):
3. Կուսակցության անվանումն է`
հայերեն լրիվ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
հայերեն հապավումը՝ ՔՊԿ,
ռուսերեն լրիվ՝ Партия «Гражданский договор»,
ռուսերեն հապավումը՝ ПГД,
անգլերեն լրիվ՝ “Civil Contract” Party,
անգլերեն հապավումը՝ CCP:
4. Կուսակցությունն ունի խորհրդանիշ, որտեղ պատկերված է ձեռքսեղմում։ Ձեռքսեղման պատկերը համադրված է «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» կամ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» գրությամբ (տես՝ հավելված 1):
5. Կուսակցության իրավաբանական հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ն. Ադոնցի փողոց, շենք 6/2, բնակարան 194, էլ. փոստ` [email protected], հեռախոս` +374 91 56 79 87
II. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
6. Կուսակցության գործունեության նպատակներն են.
1) Իրական Հայաստանի գաղափարախոսության իրագործումը,
2) Հայաստանի Հանրապետության հարատեւության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, տարածաշրջանային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային պայմանների ապահովումը,
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության, երջանկության, ինչպես նաև հանրահռչակ այլ իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը, այդ պայմանների ստեղծմանն աջակցելը,
4) հայկական ժողովրդավարության պաշտպանությունը. 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած Ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության արժեքների ամրագրումը՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն:
5) հայկական ժողովրդավարության պաշտպանությունը. 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած Ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության արժեքների ամրագրումը՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և Հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն:
7. Կանոնադրությամբ և Ծրագրով ամրագրված նպատակներն իրագործելու համար Կուսակցությունը շարունակելու է ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի քաղաքական կյանքում, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին (կազմավորմանը) մասնակցելու միջոցով:
8. Կուսակցության խնդիրներն են.
1) Հայաստանի Հանրապետության շուրջ բարենպաստ տարածաշրջանային և միջազգային միջավայրի ապահովումը, տևական և համապարփակ խաղաղության հաստատումը,
2) կրթության և ստեղծարար գործունեության խթանումը և խրախուսումը.
3) Հայաստանի բնակչության թվի շարունակական աճի համար սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյահոգեբանական պայմանների ապահովումը.
4) Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության ապահովման ինստիտուցիոնալ համակարգերի զարգացումը:
III. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Կուսակցության՝ որպես իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է Օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Պետական գրանցման պահից Կուսակցությունը ձեռք է բերում ոչ առևտրային իրավաբանական անձի կարգավիճակ:
10. Կուսակցությունն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք բերելու պահից ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ:
11. Կուսակցությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով`
1) մասնակցելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ինչպես նաև հանրաքվեների նախապատրաստմանն ու անցկացմանը,
2) ընտրական գործընթացում հավասար և ոչ խտրական պայմաններով օգտվելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած զանգվածային լրատվության միջոցներից,
3) հիմնադրելու զանգվածային լրատվության միջոցներ և հրատարակչություններ.
4) ազատորեն տեղեկատվություն տարածելու իր գործունեության մասին, քարոզելու իր գաղափարներն ու նպատակները.
5) կազմակերպելու և անցկացնելու խաղաղ, առանց զենքի հավաքներ.
6) առանց իրավաբանական անձ կազմավորելու այլ կուսակցությունների հետ ստեղծելու դաշինքներ (միավորումներ).
7) հաստատելու և պահպանելու միջազգային կապեր այլ պետությունների կուսակցությունների և հասարակական միավորումների, միջազգային կազմակերպությունների հետ, դառնալու միջազգային միությունների անդամ.
8) կազմակերպելու հավաքներ, խորհրդաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, դասընթացներ, հանդիպումներ, քննարկումներ և հանրային միջոցառումներ.
9) իր կանոնադրային նպատակներին համապատասխան, տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները.
10) իր գործունեության ֆինանսավորման, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նպատակով ստանալու վարկեր Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից, վարկային կազմակերպություններից, ինչպես նաև ներդնել ավանդներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում․
11) իրականացնելու Կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող այլ իրավասություններ։
12. Կուսակցությունն ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները:
13. Կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունում հիմնում է տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներ։
14. Կուսակցությունն այլ պետություններում կարող է ունենալ ներկայացուցչություններ:
15. Կուսակցության պարտականություններն են`
1) պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջները.
2) յուրաքանչյուր տարի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով ներկայացնել տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, վարկային տեղեկատվություն,
3) ընտրություններին մասնակցելիս կուսակցությունների օրենքով սահմանված ժամկետներում Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել կուսակցության (կուսակցությունների դաշինքները` դրանցում ընդգրկված կուսակցությունների) գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը:
4) մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրել տեղեկություններ Կուսակցության բանկային հաշիվների մասին՝ նշելով բանկի անվանումը, հաշիվների համարները և արժույթը կամ արժույթները, որոնցով բացվել են բանկային հաշիվները, և անկախ սույն մասում նշված ժամկետից, ներկայացնել նաև Կուսակցության հաշիվներն սպասարկող բանկի կամ հաշիվների վերաբերյալ արդեն իսկ ներկայացված տվյալները փոփոխվելու դեպքում՝ փոփոխության կատարման օրվանից 10 օրվա ընթացքում:
IV. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ, ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ
16. Կուսակցությանն անդամակցությունը կամավոր է և անհատական: Կուսակցության անդամներ կարող են լինել տասնութ տարին լրացած ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
17. Սույն գլխի պահանջներին համապատասխանող անձը կարող է անդամակցել Կուսակցությանն իր դիմումի հիման վրա:
18. Կուսակցությանն անդամակցելու պայմաններն են`
1) բացակայում են կուսակցությանն անդամագրելու օրենքով նախատեսված արգելքները,
2) դիմումատուն ծանոթ է Կանոնադրության եւ Ծրագրի դրույթներին, ընդունում եւ համախոհ է դրանց, պատրաստ է Կուսակցության Ծրագրի դրույթները հանրության շրջանում տարածելուն ուղղված գործունեություն ծավալել,
3) դիմումատուն չի հանդիսանում այլ կուսակցության անդամ:
19. Կուսակցության անդամը հաշվառվում է իր նախընտրած տարածքային ստորաբաժանումներից (այսուհետ` Տարածքային կազմակերպություն) որևէ մեկում:
20. Կուսակցությանն անդամակցությունը դադարեցվում է.
1) օրենքով նախատեսված դեպքերում,
2) Կուսակցության անդամի գրավոր դիմումի հիման վրա,
3) Կուսակցությունից հեռացվելու դեպքում,
4) Կուսակցության լուծարման դեպքում:
5) Եթե անձը դադարել է համապատասխանել Կանոնադրությամբ սահմանված՝ Կուսակցության անդամին ներկայացվող պահանջներին:
V. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
21. Կուսակցության անդամն իրավունք ունի`
1) սույն Կանոնադրությամբ նախատեսված կարգով ընտրելու Կուսակցության և Տարածքային կազմակերպությունների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններ,
2) սույն Կանոնադրությամբ նախատեսված կարգով ընտրվելու Կուսակցության և Տարածքային կազմակերպությունների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում,
3) սույն Կանոնադրությամբ նախատեսված կարգով ներկա լինելու կուսակցության Համաժողովի, Վարչության, Վերահսկող հանձնաժողովի եւ ՏԿ խորհրդի դռնբաց նիստերին,
4) ծանոթանալու Կուսակցության մարմիններինիստերի արձանագրություններին, և ստանալ այդ մարմինների իր վերաբերյալ ընդունված որոշումների պատճենները,
5) տեղեկություն ստանալու Կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ,
6) Կուսակցության մարմինների քննարկմանը ներկայացնելու հասարակական-քաղաքական կյանքի, Կուսակցության գործունեության և այլ հարցերի վերաբերյալ նախաձեռնություններ և առաջարկություններ,
7) մասնակցելու այն ժողովին կամ նիստին, որտեղ քննարկվում է իր անձին վերաբերող հարց կամ իր առաջարկությունը, արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի վերաբերյալ,
8) դադարեցնելու իր անդամակցությունը Կուսակցությանը,
9) ստանալու փաստաթղթերի պատճեններ Կուսակցության կանոնադրության փոփոխությունների, գույքի կառավարումից ստացած դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու Կուսակցության ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացությունը,
10) բողոքարկելու Կուսակցության մարմինների որոշումներն ու գործողությունները,
11) իրականացնելու օրենքով և Կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:
22. Կուսակցության անդամը պարտավոր է՝
1) գործել Կանոնադրության և Ծրագրի շրջանակներում, չիրականացնել Կանոնադրությանն ու Ծրագրին հակասող գործողություններ,
2) Վարչության որոշմամբ սահմանած կարգով, չափով և ժամկետներում կատարել վճարումներ (անդամավճար),
3) քննարկումների ընթացքում ցուցաբերել հարգալից վերաբերմունք քննարկման այլ մասնակիցների նկատմամբ, հարգել ուրիշների՝ կարծիք հայտնելու իրավունքը,
4) Կուսակցության Ծրագրի դրույթները հանրության շրջանում տարածելուն ուղղված գործունեություն ծավալել,
5) կատարել Կանոնադրությամբ նախատեսված այլ պարտականություններ:
VI. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
23. Կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով:
24. Կուսակցության մարմիններն են`
1) Համաժողովը.
2) Վարչությունը.
3) Կուսակցության քաղաքական ժողովը (այսուհետ՝ Քաղաքական ժողով),
4) Կուսակցության վերահսկող հանձնաժողովը (այսուհետ` Վերահսկող հանձնաժողով),
5) Կուսակցության վերահսկող հանձնաժողովը (այսուհետ` Վերահսկող հանձնաժողով),
6) Սկզբնական կազմակերպությունները,
7) Երիտասարդական կառույցը։
VII. ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
25. Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը Համաժողովն է, որի բացառիկ իրավասություններն են`
1) Կանոնադրության հաստատումը և Ծրագրի ընդունումը, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելը,
2) Վարչության և Վերահսկող հանձնաժողովի կազմավորումը, այն է` անդամների թվի սահմանումը և ընտրությունը, կազմալուծումը,
3) Վարչության նախագահի ընտրությունը, լիազորությունների դադարեցումը,
4) Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակի հաստատումը, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն երեք տասնյակի հաստատումը։ Համաժողովը հաստատման ընթացակարգը սահմանում է Վարչության առաջարկով, ինչը պետք է արտացոլի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջները,
5) Վարչության և Վերահսկող հանձնաժողովի հաշվետվությունների հաստատումը,
6) Կուսակցության վերակազմակերպման և լուծարման մասին որոշման ընդունումը,
7) Օրենքով և Կանոնադրությամբ Համաժողովին վերապահված այլ լիազորությունների իրականացումը:
26. Կուսակցության Համաժողովն իրավասու է քննարկել իր որոշմամբ սահմանված ցանկացած հարց, որի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքն օրենքով կամ Կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի։
27. Կուսակցության Համաժողովի պատվիրակներ են հանդիսանում Վարչության անդամները, Վերահսկող հանձնաժողովի անդամները, Քաղաքական ժողովի անդամները, օրենքի ուժով Կուսակցության անդամներ դարձած Կուսակցության հիմնադիր համաժողովի անդամները, ՏԿ խորհրդի անդամները եւ վերահսկողները, Երիտասարդական կառույցի խորհրդի անդամները, Կուսակցական անդամ հանդիսացող նախարարները եւ նախարարի տեղակալները, Կուսակցական անդամ հանդիսացող ԱԺ պատգամավորները, վարչապետին ենթակա մարմինների Կուսակցական անդամ հանդիսացող ղեկավարները եւ տեղակալներ, Կառավարությանը ենթակա մարմինների՝ Կուսակցական անդամ հանդիսացող ղեկավարները եւ տեղակալները, Կուսակցական անդամ հանդիսացող մարզպետները եւ փոխմարզպետները, վարչապետի կողմից նշանակվող այլ պաշտոնյաներ, ովքեր Կուսակցության անդամ են, Կուսակցության անդամ հանդիսացող ավագանու անդամները, համայնքի ղեկավարի Կուսակցության անդամ հանդիսացող տեղակալները, Երեւանի վարչական շրջանների Կուսակցության անդամ հանդիսացող ղեկավարները, Վարչության եւ Վերահսկող հանձնաժողովի անդամության թեկնածուները: Կուսակցության այլ անդամների՝ Համաժողովին մասնակցության կարգը Վարչության առաջարկով սահմանում է Համաժողովը:
28. Պատվիրակ կարող է լինել բացառապես Կուսակցության անդամը: Պատվիրակների անհատական ցանկը հաստատում է Վարչությունը` սույն Կանոնադրության 27-րդ կետի հիման վրա:
29. Համաժողովը կարող է լինել հերթական կամ արտահերթ եւ կարող է անցկացվել լիագումար, ընտրական, թեմատիկ, բանավեճային, քվեարկության նիստերի, առկա եւ առցանց ձեւաչափերով։
30. Հերթական Համաժողովը հրավիրվում է երեք տարին մեկ անգամ՝ Վարչության որոշմամբ սահմանված ժամկետում, ժամանակացույցով, վայրում (վայրերում), ձեւաչափով եւ օրակարգով:
31. Համաժողովի օրակարգի նախագծի, ձեւաչափի, նիստի (նիստերի) ժամանակացույցի՝ օրվա, ժամի, վայրի (վայրերի) մասին ծանուցումը հրապարակվում է Կուսակցության պաշտոնական ինտերնետային էջում՝ ոչ ուշ, քան Համաժողովի անցկացման օրվանից 20 օր առաջ, եթե օրակարգով նախատեսվում են ընտրություններ, կամ 10 օր առաջ՝ այլ հարցերով: Համաժողովի անցկացման ժամանակի (ժամանակացույցի) և վայրի (վայրերի) մասին ծանուցումը, ինչպես նաև օրակարգի մասին տեղեկությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ http://www.azdarar.am համաժողովի անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ:
32. Արտահերթ Համաժողով կարող է գումարվել Վարչության կողմից կամ Կուսակցության անդամների առնվազն մեկ երրորդի, ինչպես նաև ՏԿ Խորհուրդների առնվազն կեսի նախաձեռնությամբ, որը ներկայացվում է Վարչության նախագահին: Կուսակցության անդամների առնվազն մեկ երրորդի, ինչպես նաև Խորհուրդների առնվազն կեսի՝ արտահերթ Համաժողով հրավիրելու պահանջում նշվում են օրակարգի հարցերը և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: Վարչության նախագահը, ստանալով Կուսակցության անդամների առնվազն մեկ երրորդի, կամ Խորհուրդների առնվազն կեսի՝ արտահերթ Համաժողով հրավիրելու պահանջը, անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3-օրյա ժամկետում, գումարում է Վարչության արտահերթ նիստ: Վարչությունը Կուսակցության անդամների առնվազն մեկ երրորդի, կամ Խորհուրդների առնվազն կեսի՝ արտահերթ Համաժողով հրավիրելու պահանջի առկայության դեպքում պարտավոր է 7 օրվա ընթացքում հրավիրել (հրավիրելու մասին որոշում կայացնել) Համաժողով` պահանջում նշված օրակարգով, ձեւաչափով, ժամանակացույցով:
33. Կուսակցության Համաժողովն իրավազոր է, եթե Համաժողովին ներկա է կուսակցության անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, իսկ/կամ Համաժողովին պատվիրակների մասնակցության դեպքում՝ պատվիրակների ընդհանուր թվի առնվազն կեսը, բայց ոչ պակաս, քան 100 պատվիրակ։
34. Համաժողովը նախագահում է Վարչության կողմից որոշված Վարչության անդամը: Համաժողովը նիստն արձանագրելու համար իր կազմից ընտրում է քարտուղար, իսկ ձայների հաշվարկի համար` Համաժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով (այսուհետ` Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով): Ժամակավոր հաշվիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար:
35. Կուսակցության Համաժողովի որոշումները, բացառությամբ սույն Կանոնադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են Համաժողովում ձայնի իրավունք ունեցող ներկաների ձայների մեծամասնությամբ։
36. Կանոնադրությունում և Ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության, կուսակցության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումներն ընդունվում են Համաժողովում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
37. Համաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացառությամբ Վարչության նախագահի, Վարչության անդամների և Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրության: Վերջիններս ընտրվում են գաղտնի–վարկանիշային քվեարկությամբ: Քվեարկության կարգը սահմանում է Համաժողովը, Վարչության առաջարկով։
38. Համաժողովի նիստերը բաց են, եթե Համաժողովը փակ նիստ անցկացնելու որոշում չի ընդունել:
39. Համաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից:
40. Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքները հրապարակում է Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահը, իսկ սույն կետով չնախատեսված քվեարկությունների արդյունքները հրապարակում է Համաժողովի նախագահողը:
41. Համաժողովի որոշումները տեղադրվում են Կուսակցության պաշտոնական ինտերնետային էջում:
42. Համաժողովի նիստերի արձանագրությունները պահպանվում են Կուսակցությունում՝ անժամկետ:
VIII. ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ
43. Վարչությունը Կուսակցության մշտական գործող ղեկավար (գործադիր) մարմինն է, որը Կուսակցության անունից իրականացնում է նրա` որպես իրավաբանական անձի լիազորությունները և Կուսակցության ընդհանուր ղեկավարումը:
44. Վարչության անդամներն ընտրվում են Համաժողովի կողմից փակ, գաղտնի, վարկանիշային քվեարկությամբ՝ երեք տարի ժամկետով:
45. Վարչության անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Վարչության կազմը չի համալրվում:
46. Եթե Վարչության լիազորությունների ժամկետները լրացել են, սակայն նոր Վարչություն դեռ չի ընտրվել, ապա Վարչության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Վարչության ընտրվելը:
47. Վարչության անդամը չի կարող լինել Վերահսկող հանձնաժողովի կամ Խորհրդի անդամ կամ Տարածքային կազմակերպության վերահսկող (այսուհետ` Վերահսկող):
48. Վարչությունը`
1) իրականացնում է Կուսակցության ընդհանուր ղեկավարումը.
2) հաստատում է Կուսակցության տարեկան բյուջեն.
3) հաստատված տարեկան բյուջեի հիման վրա հաստատում է Կուսակցության ծախսերի նախահաշիվը.
4) որոշում է Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը և դրույքաչափերը,
5) սահմանում է անդամավճարի չափը, վճարման կարգը և ժամկետները,
6) Կուսակցության անունից հանդես է գալիս հայտարարություններով,
7) որոշում է ընդունում Կուսակցությանն անդամակցելու, Կուսակցության անդամակցությունը դադարեցնելու, Կուսակցության անդամի նկատմամբ կարգապահական պատասխանատվության այլ միջոցներ կիրառելու մասին. սահմանում է համապատասխան ընթացակարգերը,
8) Վարչության նախագահի առաջարկությամբ նշանակում է Վարչության նախագահի երկու տեղակալներին,
9) որոշում է կայացնում հերթական և արտահերթ Համաժողով հրավիրելու մասին և հաստատում է Համաժողովի օրակարգի նախագիծը,
10) Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակի, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում Կուսակցության թեկնածուների՝ առնվազն երեք տասնյակի հաստատման ընթացակարգի վերաբերյալ առաջարկություն է անում Համաժողովին,
11) հաստատում է Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները այն մասով, որոնց հաստատումը սույն Կանոնադրությամբ վերապահված չէ Համաժողովին, ինչպես նաև արտահերթ ընտրություններում՝ Կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները,
12) սահմանում է Ազգային ժողովի ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելու թեկնածուների առաջադրման, գրանցման եւ ներկուսակցական քարոզարշավի կարգն ու պայմանները,
13) փոփոխություններ է կատարում Համաժողովի կողմից Ազգային ժողովի ընտրությունների համար հաստատված ընտրական ցուցակներում, եթե Համաժողովի կողմից հաստատվելուց հետո կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է կուսակցության կամքից անկախ պատճառներով,
14) սահմանում է Կուսակցության Վարչության, Վերահսկող հանձնաժողովի անդամության թեկնածուների առաջադրման եւ գրանցման, թեկնածուների նախընտրական քարոզարշավի սկզբունքներն ու ընթացակարգերը,
15) որոշում է ընդունում Տարածքային կազմակերպություններ ստեղծելու և և դրանց գործունեությունը դադարեցնելու մասին, ինչպես նաև հաստատում է դրանց սահմանները և կանոնակարգերը, սահմանում է Խորհրդի անդամների թիվը,
17) սահմանում է Տարածքային կազմակերպությունների խորհրդի եւ վերահսկողի ընտրություններ անցկացնելու, թեկնածուների առաջադրման եւ գրանցման, նախընտրական քարոզարշավի, ընտրողների ցուցակների ձեւավորման, ընտրվելու եւ ընտրելու ընթացակարգերը,
18) որոշում է կայացնում ՏԿ Խորհրդի նախագահի թեկնածուի հաստատման կամ մերժման կամ ՏԿ Խորհրդի նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ,
19) սույն Կանոնադրության 119–րդ կետի 7–րդ մասում սահմանված դեպքերում որոշում է կայացնում ՏԿ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու մասին,
20) հաստատում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Կուսակցության թեկնածուներին և ավագանու ընտրություններում Կուսակցության ընտրական ցուցակները,
21) Ազգային ժողովի ընտրություններին և համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցելու դեպքում ձևավորում է Կուսակցության ընտրական ցուցակները: Ընտրական ցուցակների ձևավորման կարգը պետք է արտացոլի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ընտրական ցուցակներին ներկայացվող պահանջները։ Ընտրական ցուցակների ձևավորման ժամանակ առնվազն հաշվի են առնվում Կուսակցության անդամների, ինչպես նաև տարածքային կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունները,
22) սահմանում սկզբնական կազմակերպությունների ձեւավորման եւ գործունեության կարգը եւ սկզբունքները,
23) ընդունում է որոշումներ Կուսակցության գործունեությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ, բացառությամբ նրանց, որոնք Համաժողովի կամ այլ մարմինների բացառիկ իրավասությունն են,
24) որոշում է կայացնում Կուսակցության լուծարման մասին, եթե Համաժողովը իրավազոր չէ,
25) իրականացնում է օրենքով և Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ իրավասություններ։
49. Վարչության հերթական նիստը գումարվում է Վարչության սահմանած օրերին և ժամերին՝ Վարչության նախագահի սահմանած օրակարգով: Վարչության հերթական նիստերի անցկացման ժամանակացույցի կամ վայրի փոփոխության դեպքում Վարչության անդամները պատշաճ ծանուցվում են ողջամիտ ժամկետում,
50. Վարչության արտահերթ նիստերը կարող են հրավիրվել Վարչության նախագահի կամ Վարչության անդամների առնվազն 1/5-ի պահանջով: Վարչության անդամներն իրենց պահանջը ներկայացնում են Վարչության նախագահին: Վարչության արտահերթ նիստ հրավիրելու պահանջում նշվում են օրակարգի հարցերը և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: Վարչության նախագահը, ստանալով սույն կետով նախատեսված Վարչության արտահերթ նիստ հրավիրելու պահանջը, պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում հրավիրել Վարչության նիստ` պահանջում նշված օրակարգով: Վարչության անդամը ողջամիտ ժամկետում պատշաճ ծանուցվում է արտահերթ նիստի օրակարգի, տեղի, օրվա ու ժամի մասին:
51. Վարչության նիստն իրավազոր է, եթե հրավիրվել է Կանոնադրությամբ սահմանված կարգով, և նիստին մասնակցում է Վարչության անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը:
52. Վարչության որոշումներն ընդունվում են Վարչության նիստին մասնակցող Վարչության անդամների ձայների մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում Վարչության նախագահի ձայնը վճռորոշ է:
53. Վարչության որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, եթե Վարչությունը գաղտնի քվեարկություն անցկացնելու որոշում չի կայացրել։
54. Վարչության նիստերը դռնփակ են, եթե Վարչությունը դռնբաց նիստ անցկացնելու որոշում չի ընդունել: Վարչության նիստերին կարող են ներկա գտնվել Վարչության հրավիրած և Կանոնադրությամբ նախատեսված անձինք:
55. Վարչության որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց ընդունման պահից, եթե այլ ժամկետ չի նախատեսվում Վարչության որոշմամբ:
56. Վարչության նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում է Վարչության նախագահը:
57. Վարչության որոշումների, պահպանման և գրանցման կարգը սահմանում է Վարչությունը:
58. Նորընտիր Վարչության առաջին նիստը տեղի է ունենում նախորդ Վարչության լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում։
59. Վարչության նախագահն ընտրվում է Համաժողովի կողմից՝ 3 տարի ժամկետով, Համաժողովի սահմանած կարգով:
60. Եթե Վարչության նախագահի պաշտոնավարման ժամկետը լրացել է, բայց Վարչության նոր նախագահը դեռ չի ընտրվել, ապա գործող Վարչության նախագահը շարունակում է իր պարտականությունների կատարումը՝ մինչև Վարչության նոր նախագահի ընտրվելը:
64. Վարչության նախագահը`
1) ներկայացնում է Կուսակցությունը.
2) հրավիրում և վարում է Վարչության նիստերը.
3) գործում է առանց լիազորագրի և տալիս է լիազորագիր.
4) Վարչության պատվիրակմամբ կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ.
5) բանկում բացում է Կուսակցության հաշվարկային հաշիվ.
6) ընդունում է որոշում Կուսակցության բնականոն գործունեությունն ապահովելուն առնչվող հարցի վերաբերյալ.
7) նշանակում և ազատում է Կուսակցության աշխատակազմի աշխատողներին.
8) սահմանում է Կուսակցության աշխատակազմի աշխատողների ծառայողական պարտականությունների շրջանակը.
9) Կանոնադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է Կուսակցության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
10) կազմում է և Վարչության հաստատմանն է ներկայացնում Կուսակցության տարեկան բյուջեն և ֆինանսական հաշվետվությունը.
11) Վարչության հաստատմանն է ներկայացնում Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը.
12) իրականացնում է Օրենքով և Կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաև Կուսակցության մյուս մարմինների իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ:
62. Վարչության նախագահի բացակայության ընթացքում նրա հանձնարարությամբ Վարչության նախագահի պարտականությունները կատարում է տեղակալը: Վարչության նախագահի հրաժարականի դեպքում նրա պարտականությունները կատարում տեղակալներից տարիքով ավագը։
63. Վարչության անդամը պարտավոր է մասնակցել Վարչության նիստերին:
64. Վարչության անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության:
65. Վարչության անդամի լիազորությունները դադարում են հետևյալ դեպքերում`
1) նրա մահվան.
2) նրա հրաժարականի.
3) Կուսակցությունում իր անդամակցությունը դադարեցվելու դեպքում.
4) երեք ամիս անընդմեջ Վարչության նիստերից անհարգելի պատճառով նրա բացակայելու դեպքում:
66. Վարչության անդամները կամ Վարչության կողմից լիազորված, կուսակցության անդամ հանդիսացող անձինք կարող են մասնակցել ՏԿ Խորհուրդների եւ Նախաձեռնող խմբերի նիստերին:
IX. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ
67. Կուսակցության Քաղաքական ժողովը խորհրդակցական մարմին է:
68. Քաղաքական ժողովի անդամներն են.
1) Վարչության անդամները.
2) Վերահսկող հանձնաժողովի անդամները,
3) Ազգային ժողովի Կուսակցության անդամ հանդիսացող պատգամավորները,
4) Կուսակցության անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ ԱԽ անդամները, վարչապետին ենթակա, Կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները,
5) Կուսակցության անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության մարզպետները,
6) Կուսակցության անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարները եւ ավագանու խմբակցության ղեկավարները,
7) Տարածքային խորհուրդների նախագահները,
8) Երիտասարդական կառույցի խորհրդի անդամները։
69. Քաղաքական ժողովի նիստերը գումարվում են Վարչության որոշմամբ, բայց ոչ պակաս, քան տարին երկու անգամ:
70. Քաղաքական ժողովը քննարկում է ընթացիկ, քաղաքական, առաջիկա ընտրություններին Կուսակցության մասնակցությանը վերաբերող և այլ օրակարգային հարցեր:
71. Քաղաքական ժողովի նիստերը վարում է Վարչության նախագահը կամ նրա հանձնարարությամբ Վարչության մեկ այլ անդամ:
72. Վարչության որոշմամբ Քաղաքական ժողովի նիստին կարող են հրավիրվել կուսակցության անդամ հանդիսացող եւ չհանդիսացող այլ անձինք:
X. ՎԵՐԱՀՍԿՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
73. Վերահսկող հանձնաժողովը Կուսակցության նյութական ու ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնող, ինչպես նաև Կուսակցության կարգապահական հարցերը քննող եւ դրանց արդյունքներով Կուսակցության Վարչությանը առաջարկություններ ներկայացնող մարմին է:
74. Վերահսկող հանձնաժողովի անդամներն ընտրվում են Համաժողովի կողմից վարկանիշային քվեարկությամբ՝ երեք տարի ժամկետով:
75. Վերահսկող հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Վերահսկող հանձնաժողովի կազմը չի համալրվում:
76. Եթե Վերահսկող հանձնաժողովի անդամների լիազորությունների ժամկետները լրացել են, սակայն Վերահսկող հանձնաժողովի նոր անդամներ դեռ չեն ընտրվել, ապա Վերահսկող հանձնաժողովի անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև Վերահսկող հանձնաժողովի նոր անդամների ընտրվելը:
77. Վերահսկող հանձնաժողովի անդամը չի կարող լինել Վարչության ու Խորհրդի անդամ կամ Վերահսկող։
78. Վերահսկող հանձնաժողովը՝
1) քննարկում է Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերը եւ համապատասխան առաջարկությամբ դիմում է Վարչությանը,
2) Կուսակցությունում անցկացնում է ստուգումներ.
3) տալիս է եզրակացություն Կուսակցության գործունեության. ֆինանսական միջոցների ու գույքի օգտագործման (տնօրինման) հաշվետվության վերաբերյալ.
4) քննարկում և որոշում է Վարչության անդամի՝ նիստերից բացակայությունների հարգելի կամ անհարգելի լինելը.
5) հաշվետվություն է ներկայացնում Համաժողովին.
6) կարող է Վարչության անդամներից, այդ թվում՝ Վարչության նախագահից, Կուսակցության ցանկացած անդամից ու աշխատողներից պահանջել հնգօրյա ժամկետում իրեն ներկայացնել Կուսակցության գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկություն,
7) իրականացնում է օրենքով և Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ իրավասություններ:
79. Վերահսկող հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ, ով համակարգում է Վերահսկող հանձնաժողովի աշխատանքները:
80. Վերահսկող հանձնաժողովի նիստերը հրավիրվում են Վերահսկող հանձնաժողովի նախագահի սահմանած օրակարգով, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
81. Վերահսկող հանձնաժողովի անդամները ողջամիտ ժամկետում պատշաճ ծանուցվում են նիստի տեղի, օրվա ու ժամի մասին:
82. Վերահսկող հանձնաժողովի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել Վերահսկող հանձնաժողովի անդամների առնվազն 1/5-ի պահանջով, որը ներկայացվում է Վերահսկող հանձնաժողովի նախագահին: Վերահսկող հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրելու պահանջում նշվում են օրակարգի հարցերը և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: Վերահսկող հանձնաժողովի նախագահը, ստանալով սույն կետով նախատեսված Վերահսկող հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրելու պահանջը, պարտավոր է 3 օրվա ընթացքում հրավիրել Վերահսկող հանձնաժողովի նիստ` պահանջում նշված օրակարգով:
83. Վերահսկող հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե հրավիրվել է Կանոնադրությամբ սահմանված կարգով, և նիստին մասնակցում է Վերահսկող հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսը:
84. Վերահսկող հանձնաժողովը որոշումներն ընդունում է նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
85. Վերահսկող հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել Վերահսկող հանձնաժողովի կողմից հրավիրված և Կանոնադրությամբ նախատեսված անձինք:
86. Վերահսկող հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց ընդունման պահից:
87. Վերահսկող հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունները ստորագրում է Վերահսկող հանձնաժողովի նախագահը:
88. Վերահսկող հանձնաժողովի որոշումների հրապարակման, պահպանման և գրանցման կարգը սահմանվում է Վերահսկող հանձնաժողովի հաստատած ընթացակարգով:
89. Վերահսկող հանձնաժողովի անդամները կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Վարչության և Խորհուրդների նիստերին։
90. Վերահսկող հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են հետևյալ դեպքերում`
1) նրա մահվան.
2) նրա հրաժարականի.
3) Կուսակցությունում իր անդամակցությունը դադարեցվելու դեպքում:
XI. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ
91. Տարածքային կազմակերպությունները ստեղծվում են տարածքային հատկանիշով։ Տարածքային կազմակերպության սահմանները (համայնք, Երեւանի վարչական շրջան) սահմանում է Վարչությունը։
92. Տարածքային կազմակերպությունների մարմիններն են`
1) Ընդհանուր ժողովը.
2) Տարածքային կազմակերպության նախաձեռնող խումբը (այսուհետ՝ Տարածքային նախաձեռնող խումբ).
3) Խորհուրդը.
4) Վերահսկողը:
93. Տարածքային կազմակերպությունները ստեղծվում են և դրանց գործունեությունը դադարեցվում է Վարչության որոշմամբ:
XII. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
94. Տարածքային կազմակերպության բարձրագույն մարմինն Ընդհանուր ժողովն է, որի բացառիկ իրավասություններն են`
1) Խորհրդի անդամների ընտրությունը՝ Վարչության հաստատած կարգի համաձայն.
2) Խորհրդի նախագահի տարեկան հաշվետվության հաստատումը` Խորհրդի գործունեության մասին,
3) Վերահսկողի ընտրությունը՝ Վարչության հաստատած թեկնածուների ցանկից,
4) օրենքով և Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ իրավասությունների իրականացումը:
95. Հերթական Ընդհանուր ժողովը հրավիրվում է Խորհրդի որոշմամբ սահմանված օրակարգով: Հերթական Ընդհանուր ժողովը գումարվում է երկու տարին մեկ անգամ:
96. Ընդհանուր ժողովի օրակարգի նախագծի, օրվա, ժամի և տեղի մասին ողջամիտ ժամկետում պատշաճ ծանուցվում են Տարածքային կազմակերպությունում հաշվառված Կուսակցության անդամները` Ընդհանուր ժողովի անցկացման օրվանից 10 օր առաջ, եթե օրակարգով նախատեսվում են ընտրություններ, կամ 5 օր առաջ` այլ հարցերով:
97. Տարածքային կազմակերպության արտահերթ Ընդհանուր ժողով կարող է գումարվել Վարչության կամ Խորհրդի անդամների առնվազն 1/5-ի պահանջով, որը ներկայացվում է Խորհրդի նախագահին: Արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու պահանջում նշվում են օրակարգի հարցերը և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: Խորհրդի նախագահը, ստանալով սույն կետով նախատեսված արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու պահանջը, անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում գումարում է Խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը սույն կետում նշված հիմքի առկայության դեպքում պարտավոր է 7 օրվա ընթացքում հրավիրել (հրավիրելու մասին որոշում կայացնել) Ընդհանուր ժողով` պահանջում նշված օրակարգով:
98. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե հրավիրվել է Կանոնադրությամբ սահմանված կարգով, և ներկա է Տարածքային կազմակերպությունում հաշվառված Կուսակցության անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը:
99. Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են Ընդհանուր ժողովին ներկա Տարածքային կազմակերպությունում հաշվառված եւ անդամավճարի պարտք չունեցող Կուսակցության անդամների ձայների մեծամասնությամբ:
100. Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացառությամբ Խորհրդի անդամների և Վերահսկողի ընտրության ժամանակ: Վերջիններս ընտրվում են գաղտնի վարկանիշային քվեարկությամբ, որի կարգը սահմանում է Վարչությունը:
101. Ընդհանուր ժողովի նիստերը դռնփակ են, եթե դռնբաց նիստ անցկացնելու որոշում Խորհուրդը չի ընդունել:
102. Ընդհանուր ժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից:
103. Ընդհանուր ժողովի արձանագրությունները պահպանվում են Տարածքային խորհրդում` անժամկետ:
104. Խորհուրդը Տարածքային կազմակերպության ղեկավար (գործադիր) մարմինն է, որը Տարածքային կազմակերպության անունից իրականացնում է նրա լիազորությունները և Տարածքային կազմակերպության ընդհանուր ղեկավարումը:
105. Խորհուրդն ընտրվում է Ընդհանուր ժողովի կողմից՝ վարկանիշային քվեարկությամբ՝ երկու տարի ժամկետով:
106. Եթե Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետները լրացել են, սակայն Խորհրդի նոր անդամներ դեռ չեն ընտրվել, ապա Խորհրդի անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև Խորհրդի նոր անդամների ընտրվելը:
107. Խորհրդի անդամը չի կարող լինել Վարչության կամ Վերահսկող հանձնաժողովի անդամ կամ Վերահսկող:
108. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Խորհրդի կազմը չի համալրվում:
109. Խորհուրդը`
1) իրականացնում է Տարածքային կազմակերպության ընդհանուր ղեկավարումը.
2) իր կազմից ընտրում է Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի թեկնածու և ներկայացնում Վարչության հաստատմանը.
3) Վարչության որոշմամբ սահմանված կարգով և դեպքերում Վարչության հաստատմանն է ներկայացնում Կուսակցությանն անդամակցության դիմումները.
4) ընդունում է որոշումներ Տարածքային կազմակերպությանը վերաբերող ցանկացած հարցի կապակցությամբ, բացառությամբ այն հարցերի, որոնք Կանոնադրությամբ վերապահված են Ընդհանուր ժողովի և Վարչության բացառիկ իրավասությանը.
5) Վարչությանն առաջարկություն է ներկայացնում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Կուսակցության կողմից առաջադրվող կամ պաշտպանվող թեկնածուի եւ/կամ ավագանու ընտրություններում Կուսակցության ընտրական ցուցակների վերաբերյալ.
6) Վարչությանն է ներկայացնում Խորհրդի նախագահի պաշտոնանկության հարցը,
7) իրականացնում է օրենքով և Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ իրավասություններ:
110. Խորհրդի նիստերը հրավիրվում են Խորհրդի նախագահի սահմանած օրակարգով, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
111. Խորհրդի անդամները նիստի օրակարգի, տեղի, օրվա ու ժամի մասին պատշաճ ծանուցվում են ողջամիտ ժամկետում:
112. Խորհրդի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել Խորհրդի անդամների առնվազն 1/5-ի կամ Վարչության որոշմամբ: Խորհրդի անդամներն իրենց պահանջը ներկայացնում են Խորհրդի նախագահին: Արտահերթ Խորհրդի նիստ հրավիրելու պահանջում նշվում են օրակարգի հարցերը և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: Խորհրդի նախագահը, ստանալով սույն կետով նախատեսված արտահերթ Խորհրդի նիստ հրավիրելու Վարչության որոշումը կամ Խորհրդի անդամների առնվազն 1/5-ի պահանջը, պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում հրավիրել Խորհրդի նիստ\` պահանջում նշված օրակարգով:
113. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե հրավիրվել է Կանոնադրությամբ սահմանված կարգով, և նիստին մասնակցում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը:
114. Խորհուրդը որոշումներն ընդունում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ։
115. Խորհրդի նիստի ժամանակ որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացառությամբ Խորհրդի նախագահի ընտրության: Վերջինս ընտրվում է գաղտնի քվեարկությամբ:
116. Խորհրդի նիստերը բաց են, եթե Խորհուրդը փակ նիստ անցկացնելու որոշում չի ընդունել:
117. Խորհրդի նիստի արդյունքներն արտացոլվում են արձանագրության մեջ, որը ստորագրվում է Խորհրդի նախագահի կողմից:
118. Խորհրդի որոշումների հրապարակման, պահպանման և գրանցման կարգը սահմանվում է Խորհրդի կողմից:
119. Խորհրդի նախագահը ընտրվում է 2 տարի ժամկետով եւ՝
1) ղեկավարում է Խորհրդի գործունեությունը,
2) հրավիրում և վարում է Խորհրդի նիստերը,
3) ներկայացնում է Տարածքային կազմակերպությունը,
4) իրականացնում է Տարածքային կազմակերպության անդամների հաշվառումը,
5) երեք ամիսը մեկ անգամ Վարչությանը և Խորհրդին գրավոր տեղեկություններ է հաղորդում Տարածքային կազմակերպությունում հաշվառված Կուսակցության անդամների անդամավճարների գանձման և գույքի օգտագործման վերաբերյալ,
6) հրավիրում և վարում է տարածքային նախաձեռնող խմբի նիստերը,
7) Վարչությանն է ներկայացնում, երեք ամիս անընդմեջ Խորհրդի նիստերից անհարգելի պատճառով բացակայելու դեպքում, Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցման հարցը,
8) իրականացնում է օրենքով և Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ իրավասություններ:
120. Տարածքային կազմակերպություններ Նախաձեռնող խմբի նիստը քաղաքական, գաղափարական եւ այլ հարցերի քննարկման հարթակ է: Տարածքային Նախաձեռնող խմբի նիստերին հրավիրվում են ՏԿ-ում հաշվառված բոլոր կուսակցականները եւ Կուսակցությանն անդամակցելու դիմում ներկայացրած անձինք (Համակիրները):
121. Վերահսկողը Տարածքային կազմակերպության նյութական ու ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձն է:
122. Վերահսկողն ընտրվում է Վարչության հաստատած թեկնածուների կազմից Ընդհանուր ժողովի կողմից՝ երկու տարի ժամկետով:
123. Վերահսկողի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Ընդհանուր ժողովը ընտրում է նոր Վերահսկող:
124. Վերահսկողը չի կարող լինել Վարչության, Վերահսկող հանձնաժողովի կամ Խորհրդի անդամ:
125. Վերահսկողը`
1) Տարածքային կազմակերպությունում անցկացնում է ստուգումներ,
2) տալիս է եզրակացություն Տարածքային կազմակերպության գործունեության, ֆինանսական միջոցների ու գույքի օգտագործման (տնօրինման) հաշվետվության վերաբերյալ,
3) հաշվետվություն է ներկայացնում Ընդհանուր ժողովին,
4) իրականացնում է օրենքով և Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ իրավասություններ:
XIII. ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
126. Կուսակցության առնվազն տասը անդամներ կարող են ձեւավորել Սկզբնական կազմակերպություն, որը կարող է ձեւավորվել ՏԿ պատասխանատվության տարածքում բակային, թաղային, բնակավայրային սկզբունքով: Սկզբնական կազմակերպությունների ձեւավորման եւ գործունեության կարգը եւ սկզբունքները սահմանում է Վարչությունը:
XIV. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ
127. Երիտասարդական կառույցը Կուսակցության մինչեւ 28 տարեկան անդամների կուսակցական գործունեության հարթակ է։ Երիտասարդական կառույցը ունի խորհուրդ եւ խորհրդի նախագահ։ Խորհրդի գործունեության, խորհրդի անդամների եւ նախագահի ընտրության կարգը սահմանում է Վարչությունը։
XV. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
128. Կանոնադրական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, Կուսակցության Ծրագրին հակասող գործողություն կատարելու դեպքում Կուսակցության անդամները կարող են Կանոնադրությամբ նախատեսված կարգով ենթարկվել կարգապահական պատասխանատվության:
129. Կուսակցության անդամը կարգապահական պատասխանատվության է ենթարկվում Վարչության որոշմամբ:
130. Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Վարչության նախագահը Վերահսկող հանձնաժողովի առաջարկով կամ սեփական նախաձեռնությամբ ընդգրկում է Վարչության նիստի օրակարգում: Կուսակցության անդամի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել գրավոր դիմումի հիման վրա, կամ Վարչության նախագահի հանձնարարությամբ, կամ Վարչության կամ Վերահսկող հանձնաժողովի որոշմամբ:
131. Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելիս նիստին ներկա գտնվելու իրավունք ունեն ինչպես դիմում ներկայացրած անձը, այնպես էլ Կուսակցության այն անդամը, ում վերաբերյալ հարցը քննարկվում է: Վերջիններս իրավունք ունեն տալ բացատրություններ և ներկայացնել հիմնավորումներ:
132. Վարչությունը, քննարկելով Կուսակցության անդամին պատասխանատվության ենթարկելու հարցը, իրավասու է որոշում կայացնել դիմումը մերժելու կամ Կուսակցության անդամին պատասխանատվության ենթարկելու մասին:
133. Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու արդյունքում Վարչությունը կարող է Կուսակցության անդամի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը`
1) նկատողություն,
2) խիստ նկատողություն,
3) Կուսակցությունից հեռացում:
XVI. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ, ԳՈՒՅՔԸ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
134. Կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքի, ոչ նյութական ակտիվների ու դրամական միջոցների ձեռքբերման աղբյուրներ կարող են լինել օրենքով սահմանված կարգով կատարված նվիրատվությունները, անդամավճարները, Օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումը, Օրենքով սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելվող այլ աղբյուրներից ստացված եկամուտները։
135. Սույն գլխում նշված՝ Կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող օբյեկտները օգտագործվում են Կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար։
136. Կուսակցության հիմնադիրների և անդամների՝ սեփականության իրավունքով Կուսակցությանը հանձնած, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված գույքը Կուսակցության սեփականությունն է։ Կուսակցության հիմնադիրները և անդամները Կուսակցությանը որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ անդամավճարների) նկատմամբ իրավունքներ չունեն։ Նրանք պատասխանատու չեն Կուսակցության պարտավորությունների, իսկ Կուսակցությունը՝ իր հիմնադիրների և անդամների պարտավորությունների համար։
137. Վարչության նախագահը, Տարածքային կազմակերպությունների ղեկավարները Կուսակցության գույքը տնօրինում են Կանոնադրությամբ և Վարչության որոշմամբ սահմանված կարգով:
138. Կուսակցության գույքը վաճառելու կամ ձեռք բերելու կամ այլ գործարք կատարելու դեպքում, եթե գույքի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ապա Վարչության նախագահը պետք է նախապես ստանա Վարչության համաձայնությունը (որոշումը): Այլ անձինք Կուսակցության անունից իրավասու չեն գույք ձեռք բերել կամ վաճառել կամ այլ գործարք կատարել:
139. Վարչության նախագահը Կուսակցության ֆինանսական միջոցները կարող է օգտագործել միայն Վարչության կողմից հաստատված բյուջեին համապատասխան: Անհրաժեշտության դեպքում Վարչության նախագահը կարող է դիմել Վարչությանը` բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու համար:
XVII. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ
140. Կուսակցության վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումն ու առանձնացումը) կատարվում է Համաժողովի որոշմամբ՝ Օրենքով սահմանված կարգով։
141. Կուսակցությունը կարող է լուծարվել Համաժողովի որոշմամբ, ինչպես նաև Օրենքով սահմանված այլ դեպքերում ու կարգով։
142. Եթե կուսակցության լուծարման համար հրավիրված Համաժողովն իրավազոր չէ, ապա կուսակցության լուծարման մասին որոշումն ընդունում է կուսակցության Վարչությունը: Իսկ Վարչության իրավազոր չլինելու դեպքում կուսակցությունը լուծարվում է կուսակցության հիմնադիրներից մեկի որոշմամբ: Այս դեպքում կուսակցության լուծարման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշումը կայացնելու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կուսակցության Համաժողովը կամ Վարչությունը այլ որոշում չի կայացրել:
143. Կուսակցության գործունեությունը կասեցվում կամ արգելվում է Օրենքով սահմանված դեպքերում և կարգով։
144. Լուծարման դեպքում Կուսակցության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը ուղղվում է Կուսակցության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության: Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում կուսակցության լուծարումից հետո դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության։
